2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԸ, ԵԹԵ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է, ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է ՀՈԳՈՎ, ԵԹԵ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է, ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՀՈԳՈՎ»

«ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԸ, ԵԹԵ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է, ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է ՀՈԳՈՎ, ԵԹԵ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է, ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՀՈԳՈՎ»
07.10.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
Սեպտեմբերի 18-21-ին Երևանում կայացավ «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովը», որի պատվիրակները կհյուրընկալվեն «Իրատես de facto»-ի էջերում: Այսօր մեր հյուրը Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, լիբանանահայ բողոքականության հոգևոր առաջնորդ, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնի նախագահ, վերապատվելի ՓՈԼ ՀԱՅԴՈՍԹՅԱՆՆ է:
«ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՐԱԿ ՓՆՏՐՈՂ ԱՊԱՀՈՎ ՇՐՋԱՆԱԿ»
-Դոկտո՛ր Հայդոսթյան, մի առիթով ասել եք, որ, լինելով միակ համալսարանը հայ սփյուռքի մեջ, Հայկազյանը «որբ մը չէ, այլ կենդանի հուշարձան մը կեանքի աղբիւրին մեջ»: Որքանո՞վ է զգալի հայրենիքի դերակատարությունն այս հուշարձանը կենդանի պահելու գործում:
-Հայկազյան համալսարանի կյանքում հայրենիքի դերը որոշ տարիների ընթացքում շատ բացահայտ է եղել: Հայրենիքի դերակատարությունը, անշուշտ, հայրենի մտավորականների այցելությունների ձևով, հատկապես զգալի է եղել 1970-ականներից մինչև 1985 թվականը, ապա վերջին հինգ տարիներին: 55 տարիների գոյության մնացած ժամանակահատվածում կապն այդչափ սերտ չի եղել: Հայկազյանի հետ հայրենիքի կապերի հաստատմանը նպաստել են Հայկազյանի հայագիտական ամբիոնի ներկայացուցիչ վերապատվելի Խռլոպյանը և նրա որդին` Գևորգ Խռլոպյանը, ովքեր, լինելով սփյուռքահայ, հայաստանաբնակ էին: Այս հարցում կարևոր դեր են ունեցել նաև Երվանդ Քասունին, Մորուս Հասրաթյանը, Լևոն Հախվերդյանը: Կապը նաև Հայկազյան հայագիտական հանդեսի միջոցով է կայացել: Այստեղ ներկայացել են հայրենիքի գիտնականները: Լիբանանի տեսանկյունից դիտելով` կվկայեմ, որ հայրենիքը միշտ ներկա է եղել մեր կողքին` հայագիտական դասընթացներով, դասագրքերով, գրականությամբ, մտահոգությամբ, հայրենատենչություն ներշնչելով: Բայց կազմակերպված, պաշտոնական համագործակցությունը Հայկազյանի և հայրենիքի միջև այնքան էլ զգալի չի եղել: Իհարկե, երեք տարի առաջ համագործակցության մի համաձայնագիր ստորագրեցինք Հայկազյանի և Երևանի պետական համալսարանի միջև, և այն արդեն տվել է պտուղներ. այս տարվա սեպտեմբերի սկզբին Երևանի պետական համալսարանի ռեկտորը, պրոֆեսորները, սփյուռքի նախարարը, օգնականը` վեցհոգանոց պատվիրակությամբ, հյուրընկալվեցին Հայկազյանում: Գումարեցինք գիտաժողով և սկիզբ դրեցինք երկու համալսարանների փոխհարաբերություններին: Հուսով ենք, որ 2012-ին կգումարենք 2-րդ գիտաժողովը և կմտածենք աշակերտության, դասավանդողների, դասագրքերի, աշխատանքային փորձի փոխանակումների մասին:
-Հիմնադրվելով 1955 թվականին` Հայկազյանը ձեռք է բերել այնպիսի կշիռ, որ համալսարանում ուսանելու են գալիս նաև այլազգիները: Ի՞նչն է նրանց բերում Հայկազյան:
-Հայկազյան համալսարանը, սկսած առաջին տարիներից, որպես ուսումնական լեզու է որդեգրել անգլերենը, որպես ուսումնական ծրագիր` ամերիկյանը: Այս մոտեցումը գրավիչ էր ժողովրդի համար: Հայկազյանը հենց սկզբից ճանաչվել է իբրև աշակերտի վիճակը հոգացող, նրա խնդիրները հասկացող, անհատին կարևորություն տվող հաստատություն: Եթե կրոնական տեսանկյունից մոտենանք, սրա խորքում բողոքական միտք կա: Կարևոր են դառնում անհատը, անհատի ուսումը, միտքը, բնավորությունը, խնդիրները, և ոչ միշտ` հավաքականությունը, համայնքը, շրջանը: Անհատի շեշտադրումն օգնում է, որ ուսանողներն իրենց դրսևորեն Հայկազյանի մեջ: Բացի այդ, Միջին Արևելքում հայերը ճանաչված են որպես որակ, բարձր մակարդակ փնտրող ապահով շրջանակ: Այլազգիները գնահատել են այս հայկական մթնոլորտը: Ի վերջո, մարդիկ համալսարանում փնտրում են չափանիշներ, մակարդակներ: Հայկազյանն այս իմաստով փաստել է, որ ինքը լուրջ տեղ է, որ իր նյութն ուսումն է, զարգացումն է, որ այստեղ հարցերը չեն լուծվում ընկերային մոտեցումներով, այստեղ չի կարելի այլ ախտեր գտնել: Ով լավ ուսանող է, լավ նիշ է ստանում, ով իրապես հետաքրքրված է մտավոր աշխատանքով, կարող է գտնել իր տեղը:
-Դուք ուսումնական ծրագրերին զուգահեռ շեշտադրում եք հայկական ինքնությունը պահպանելու նպատակը: Ի՞նչ կերպ եք դա պատկերացնում:
-Հաճախ եմ կրկնում, որ համալսարանի անունն արդեն իսկ շատ ներկայանալի դրվածք է Միջին Արևելքում: Տարիների ընթացքում նույնիսկ հայեր են եղել, որ առաջարկել են փոխել Հայկազյան անունը` հավաստիացնելով, որ դրանից մենք մեծ օգուտ կունենանք: Բայց ես դեմ եմ դրան: Մեր անունն ասում է, որ մենք հայ ինքնության մի մասն ենք: Հայկազյանը, որքան էլ իր կազմում ընդգրկի օտարազգիների, հետամուտ է, որ իր պրոֆեսորական կազմում, իր աշխատակազմում լինեն որոշակի թվով հայազգիներ: Նույնիսկ եթե հայերենը չի գործածվում, հայկական ներկայությունն ապահովվում է: Եթե ընդամենը հայկական անուններ են հնչում, դրանում որոշակի պատգամ կա, դա մթնոլորտ է ապահովում: Հայ մարդն ինչ գործով, ինչ մասնագիտությամբ էլ զբաղվի Հայկազյանում, անպայման երեք հայագիտական նյութ պիտի ունենա իր գործնական ծրագրում: Սա հաստատության ուրույն քաղաքականությունն է: Մենք մեր հասարակական միջոցառումների շրջանակից բաց չենք թողնում որևէ հայկական առիթ, տոն, հանդիպում նշանավոր հյուրերի հետ: Սրանով մեր մասնակցությունն ենք բերում Միջին Արևելքի հայկական գաղութների կյանքին և հայկական ինքնության համար ապահովության օղակ ենք ստեղծում հաստատության շուրջ: Սրանք ընդամենը գործունեության մի քանի օրինակներ են, բայց ինքնությունը միայն գործունեություն չէ, այն ավելի շատ հոգեկան հարց է:
«ՍՐՏԻՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՑԱՎԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԴՈՒԺՆ Է»
-Ձեր հրապարակային ելույթներից մեկում նշել եք. «Նյութականը կարևոր է, բայց մարդուժը ավելի հիմնական է»: Ինչպե՞ս համախմբել աշխարհով մեկ ցիրուցան եղող հայկական «մարդուժը»:
-Սրտիս հիմնական ցավը հայկական մարդուժն է: Մի կողմից` Հայկազյան համալսարանը մարդուժ պատրաստող է, մյուս կողմից` տուժում է այդ պատրաստումից: Եթե հայ երիտասարդը լավ կրթություն է ստանում Հայկազյանում, ամերիկյան, եվրոպական համալսարանները, գիտական հաստատությունները շատ գրավիչ են համարում նրան և ընդգրկում են իրենց մեջ: Իհարկե, սա չի նշանակում, թե կապը բոլորովին կտրվում է: Ընդհակառակը, այսօր Լիբանանում հայը փափագում է տեղ ունենալ Հայկազյանում: Եվ ես ջանք չեմ խնայում` ներգրավելու համար համալսարանում այնպիսիներին, որոնք միտք ու հոգի ունեն, խոստումնալից են, կարող են նաև ուրիշ տեղերում ուսումը շարունակել և վերադառնալ Հայկազյան: Մենք հետամուտ ենք, որ մեր երիտասարդները լավ կրթություն ստանան:
-Դուք կարևորում եք ավանդական և նորաստեղծ սփյուռքի փոխօգնության պարագան: Ինչպիսի՞ք են, ըստ Ձեզ, այդ եզրերը մոտեցնելու մեխանիզմները:
-Ես Լիբանանում առիթ եմ ունեցել հանդիպելու Ռուսաստանից եկած հայերի, որոնք մտահոգված էին, որ Լիբանանում կամ Սիրիայում հայկական սփյուռքը չունի կազմակերպվելու խնդիրը, ինքնաբերաբար այն կազմավորվել ու կազմակերպվել է և գոյատևում է: Իսկ Ռուսաստանում հայերի մեծ մասն իր երևակայության մեջ չունի այդ կազմակերպվածության պատկերացումները: Երևակայությունն է, որ մեզ մղում է գործի, առաջնորդում այս կամ այն ուղղությամբ: Այս պատճառով էլ ես ձգտում եմ, որ սփյուռքի տարբեր շերտերն իրար հետ ծանոթանան, երբեմն էլ, ինչու չէ, դասեր առնեն իրարից: Առանց սփյուռքի հաստատությունների (դպրոց, եկեղեցի, մշակութային, հայրենակցական միություններ) սփյուռքը սփյուռք չի կոչվի: Մենք այսօր սփյուռքի մասին խոսում ենք, որովհետև այն կազմակերպված է: Այստեղ հակասություն կա. սփյուռք նշանակում է ամեն կողմ սփռված, ցրված: Բայց և` սփյուռքը դրականորեն չի ներկայանա, եթե այն ցիրուցան եղած է: Բայց երբ անդրադառնում ենք ավանդական սփյուռքին, որակում ենք ինքնության, ուժի, մտավորականության խնդիրները: Նորաստեղծ սփյուռքը պետք է ավանդականից սովորի այս բաները: Այդ դժվարություններն ավանդական սփյուռքը հաղթահարել է, և լավ կլինի, որ դրանից մաս հատկացնի նորաստեղծ սփյուռքին:
«1965 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱԼԵԼ Է ՈՐՊԵՍ ՄԵԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ, ՄԵԿ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
-Դուք համաժողովի ընթացքում անդրադարձաք ԵՊՀ-ում սփյուռքագիտության ամբիոնի ստեղծման փաստին և հորդորեցիք հոգ տանել` ձևավորելու, ըմբռնելի դարձնելու «սփյուռքագիտության հոգեբանությունը»: Սա ավելի շատ պետք է հայաստանցիների՞ն, թե՞ սփյուռքահայությանը:
-Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ նախ Հայաստանին ու հայաստանցուն է պետք: Թե՛ Հայաստանը կարիք ունի ծանոթանալու սփյուռքին, թե՛ սփյուռքը` Հայաստանին: Սփյուռքն ամբողջ աշխարհում որպես մեկ միավոր ընկալելը սխալ է: Միջինարևելյան սփյուռքը ամերիկյան սփյուռքի մեկ հատվածի հետ կապված է, որովհետև վերջիններս գաղթել են Մերձավոր Արևելքի երկրներից: Սակայն մնացածները, որ Հյուսիսային Ամերիկա են գաղթել Հայաստանից կամ Թուրքիայից, այլ նկարագիր ունեն, այլ կերպ են կապված հայրենիքի, հայ ինքնության հետ: Ավանդական սփյուռքն այսօր նաև քիչ թե շատ անծանոթ է նորաստեղծ սփյուռքին` տարածված Արևմտյան, Արևելյան Եվրոպաներում, մանավանդ` ԱՊՀ երկրներում, Ռուսաստանում: Այս իմաստով էլ ես կարևորում եմ հոգեբանության իմացությունը, որովհետև մարդը հոգի է: Մարդ արարածը, եթե առողջանում է, առողջանում է հոգով, եթե հիվանդանում է, հիվանդանում է նախ և առաջ հոգով: ՈՒրեմն, մարդուն կամք, ինքնություն, աշխատանքի կորով, համառություն տվողը հոգին է: ՈՒրեմն, հոգեբանությունն էլ կարևոր է դառնում, որովհետև հարկավոր է իրապես հասկանալ, թե մարդու սիրտն ինչի՞ համար է տրոփում, որո՞նք են շարժառիթները, որտե՞ղ են դրանք… Սփյուռքագիտության մեջ տեղեկությունները ոսկորներն են, տեղեկության վրա այս կամ այն փոխազդեցությունները միսն են, բայց մեր փնտրածը հոգին է, որ կյանք պիտի տա ոսկորին և մսին: Սփյուռքագիտության մեջ մենք չենք կարող հիմնվել միայն գրքերի, տեղեկությունների վրա: Պետք է կարողանանք թափանցել հոգեկան վիճակի մեջ:
-Լինելով բողոքական` Հայկազյան համալսարանում համագործակցության դաշտ եք ապահովում հայ առաքելական և կաթոլիկ հավատքի ներկայացուցիչների համար: Որո՞նք են այդ համագործակցության նախադրյալները:
-Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես և Կիլիկիայում մեր ժողովրդի համար պարզ է, որ հայն ունի իր հիմնական, պատմական եկեղեցին` Հայ առաքելական եկեղեցին: Բայց նաև գիտենք, որ կան ավելի փոքր հայկական եկեղեցիներ` կաթոլիկ և բողոքական կամ ավետարանական: Ցեղասպանությունից հետո, մանավանդ 1965-ից, հստակ է, որ հայ ժողովուրդը հետին պլան է մղել դավանաբանական, քաղաքական տարբերությունները և գիտակցում է, որ քրիստոնեական հավատքը մեկ է: Մանրամասնությունները, շեշտադրումները հավատքի մեջ տարբեր են, սակայն հավատքը մեկ է, ազգությունը մեկ է, ազգային ինքնությունը մեկ է: Եվ այս գիտակցությունը թույլ է տալիս, որ միասին ապրենք: Երեք եկեղեցու համագործակցությունը շատ ներդաշնակ է: Սա դյուրացնում է Հայկազյան համալսարանի գործը: Սակայն համալսարանը մեկ-երկու քայլ առաջ է գնացել այս կետից: Սկսած առաջին օրվանից` իր ծրագրերի մեջ որևէ խտրականություն չի դրել առաքելականի, կաթոլիկի կամ ավետարանականի միջև: Այսօր էլ իմ հայ աշխատակիցների 90 տոկոսը առաքելական է: Եվ նրանք իրենց հարազատ են զգում համալսարանում, ու դա շատ գեղեցիկ պատկեր է: Իմ մեծագույն ուրախություններից է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, երբ նոր էր օծվել վարդապետ, դասախոսել է Հայկազյանում: Մինչև օրս նա Հայկազյանի մասին մտածում է` որպես իր հարազատ օրրանի: Նույնը կարող եմ ասել Հայ կաթողիկե պատրիարք Ներսես Թարմունու մասին: Մեր Հայկազյան հայագիտական հանդեսի երկարամյա գլխավոր խմբագիրը հայ կաթողիկե վարդապետ է` Հայր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Կռանյանը: Այսպիսի գեղեցիկ պատկեր է Հայկազյանում, որ մանավանդ հաջողությամբ շարունակվում է Ցեղասպանության 50-ամյակից` 1965 թվականից սկսած: Այդ ժամանակից հայ ժողովուրդը ոչ թե սոսկ անդրադարձել է իր պատմությանը, այլ ընկալել այդ պատմությունը` որպես մեկ ժողովրդի գոյապայքարի, մեկ ապագայի պատմություն: Եվ մեր եկեղեցու համար շատ հատկանշական է, որ 1965-ին նույնիսկ Խորհրդային Հայաստանը և Էջմիածինը ջանացին համախմբել և, թերևս, առաջին անգամ, կաթողիկոսի հրավերով, հայրենիք բերել հայ կաթողիկե և ավետարանական եկեղեցիների առաջնորդներին` նշելու Ցեղասպանության 50-ամյակը: Տարբերություններ միշտ էլ կլինեն, մենք պիտի փնտրենք հիմնականը: Հայկազյանում երբևէ չի ծագել անհամաձայնություն երեք դավանանքի կրողների մեջ, որովհետև մեր ղեկավարության կազմում բոլոր երեք եկեղեցիների ներկայացուցիչներն էլ ընդգրկված են: Եվ իբրև ամփոփում` փափագս հայտնեմ հանրապետության 20-ամյակը տոնող հայ ժողովրդին: Թող բազմակողմանիորեն զարգանա արվեստի, կրոնական, քաղաքական և այլ ոլորտներում: Չեմ ուզում շեշտը միայն անցյալի վրա դնենք: Մենք` որպես հայ ժողովուրդ և Հայաստան, կարևոր է, որ գիտակցենք, թե ինչպիսի ապագա պետք է կառուցենք, որպեսզի հզոր ժողովուրդ մնանք: Եվ կարևոր է, որ մենք բաց լինենք աշխարհի մշակույթների, քաղաքակրթությունների առջև ու տեսնենք, թե ուր է գնում աշխարհը, և ինչն է, որ պիտի պահպանենք: Այս աշխատանքի, բազմակողմանի այս զարգացման մեջ մեր համալսարանները, նաև Հայկազյանը, մեր եկեղեցիները շատ առողջ կերպով պետք է սերտեն իրենց ինքնությունը, իրենց ժողովրդի վիճակը, և որ ամենակարևորն է, երիտասարդների նկարագիրը: Ի՞նչ են նրանք ուսանում, ի՞նչ են ծրագրում, ի՞նչ հոգու տեր են… Եթե մենք երիտասարդներին սատարենք, ցույց տանք, որ արթուն կերպով, լավատեղյակորեն հետևում ենք իրենց ուսմանն ու զարգացմանը, մեր ժողովրդին մեծ օգնություն ցուցաբերած կլինենք:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ